Պոեզիա

ԱՇՈՒՆ

ԱՇՈՒՆ
Ժանր
Պոեզիա

20

ԱՇՈՒՆ

Աշուն...

Նորից քո սիրելի եղանակն է,

Այնքա՜ն նման քո սիրելի

Ցանկացած այլ եղանակի...

Ու նստած ենք սեղանի շուրջ...

Նստած ենք լուրջ,

Եվ նայում ենք իրար գինուն ու բաժակին...

Իսկ դու՝ չկաս...

Բարձրացնում եմ օդ բաժակը,

Սկսում եմ մեզնից խոսել,

Ու, չնայած, փակվել է մեր

Սոված սիրո ախորժակը,

Այդուհանդերձ ես ասում եմ,

Որ պատրաստ եմ սիրտդ <<ուտել>> ,

Եթե այսօր նրան ինձ տաս...

Իսկ դու` չկաս...

ՈՒ խմում ենք մեր կենացը...

Գինին ամեն հանդիպման պես

Թափվեց էլի քո շորերին,

Դիտմամբ, կարծես...

Եվ բացվում է լուսաբացը

Քո գինոտված շորի վրա,

Իմ գունատված աչքերի մեջ,

Որոնք արդեն քանի՜ ժամ է,

Քեզ են նայում անթա՜րթ, անվե՜րջ...

Եվ թվում է

Երջանկության համար

Ուրիշ բան չէ պակաս...

Իսկ դու՝ չկաս...

Միացնում եմ մեր երգերը...

Քեզ պարի եմ հրավիրում,

Ու շորիկիդ գինոտ սերը

Համ ու հոտով ինձ է տիրում...

Ձեռքս՝ մեջքիդ, ափդ՝ ափիս,

Պտտվում ենք սենյակով մեկ,

Եվ փառք բերող ամեն ծափից,

Որ տվել են այս աշխարհում,

Վերցնում ենք գողի պես մեզ...

Ու նայում ենք՝ ոնց է կանգնել,

Չի շարժվում ժամանակը...

Չի՜ շարժվում, որովհետև,

Մե՛նք ենք անշարժ, սլաքի պես,

Դու փոքրի, ես էլ՝ մեծի...

Եվ ուզում եմ, որ դու դառնաս

Մեխանիզմն իմ ժամացույցի...

Ժամանա՜կը դու իմ դառնաս...

Իսկ դու՝ չկաս...

Ես էլ հոգնած այս ամենից,

Հարց եմ տալիս քեզ՝ ինքս ինձ,

Այն մասին, թե ե՞րբ ես գալու...

Չնայած, որ շուտ ես եկել,

Բայց չե՛ս եղել ոչ մի անգամ...

ՈՒ նետվում եմ հավատալու

Ձայնիդ, որը հանգերի մեջ,

Ասում է ինձ.

-Ես մի՜շտ էլ կամ...

Ես միշտ էլ կամ, հարազատս,

ՈՒ եղել եմ քո գրքերում,

Որոնք միայն իմ մասին են,

Որտեղ միայն ինձ ես գրում...

Քո գրքերում, տողերի մեջ,

Ահա իրար ձեռք ենք բռնել,

Ու պարում ենք, պարում, պարո՜ւմ...

Շրջազգեստս թե գինոտվեց,

Շուրթերիցս դու պոկվում ես

Ու շորիկն ես իմ համբուրում...

Ու բացվում է լուսաբացը,

Ամեն հաջորդ էջից առաջ,

Եվ ասում ես նո՛ւյն կենացը,

Ինչ ասում էիր կեսգիշերն անց...

Հա, անշարժ է ժամանակը,

Ես ու դու էլ սլաքներ ենք,

Փոքր ու մեծ, ոնց ասացիր,

Եվ փոխվում է եղանակը,

ՈՒ մենք արդեն ձմեռում ենք,

Նոր գործի մեջ բանաստեղծիդ...

Այսպես արդեն քանի՜ հատոր,

Դու գրում ես ինձ տող առ տող,

Ու կարդում ես ինձ համար՝ ինձ...

Դրա համար, ինչ էլ անես,

Պատում է քեզ մի հին թախիծ,

Որ ես վաղո՜ւց գրքերում եմ,

Եվ ապրում եմ քո՛ շնորհիվ,

Ու սպասում եմ, որ մի օր էլ,

Տողերիդ մեջ ինձ միանաս...

Իսկ դու՞... Իսկ դու՛...

Իսկ դու՝ չկա՜ս...

Մեկնաբանություն