Պոեզիա
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
- Ժանր
- Պոեզիա
(կիսատ մնացած բանաստեղծություն)
Առաջին անգամ տեսա քեզ նրան Համբույրդ տալիս, Չներեցի, բայց սիրեցի անգամ Այդ քո համբույրը, Առաջին անգամ տեսա քեզ նրան Ամուր գրկելիս, Չներեցի, բայց սիրեցի և այդ Գրկախառնումը։
Առաջին անգամ տեսա քեզ նրան Քաղցր ժպտալիս, Ու չներեցի, սակայն պահեցի Դեմքդ մտքումս, Առաջին անգամ տեսա քեզ նրա Սիրուց խոսելիս, Ու չներեցի, սակայն պահեցի Խոսքդ երգումս։
Առաջին անգամ տեսա քեզ նրան Մատանի տալիս, Ու չներեցի, սակայն պահեցի Նշանի ուխտս, Առաջին անգամ տեսա քեզ նրա Կինը դառնալիս, Ու չներեցի, բայց չպատռեցի Բաժանման թուղթս։
Առաջին անգամ տեսա քեզ նրա Հետևից լալիս, Ու չներեցի, սակայն մաքրեցի Քո արտասուքը, Առաջին անգամ տեսա քեզ նրա Դարձն աղերսելիս, Չներեցի, բայց ցույց չտվեցի Հոգուս արցունքը։
Առաջին անգամ գրեցի թղթին Քեզ՝ նրա մասին, Ու չներեցի հենց քո ու նրա Իմ աշխարհ մուտքը, Առաջին անգամ ուզեցի ներել Իմ մեջ երկուսիդ, Չհասցրի մեկ տողս ավարտել... Վերջացավ թուղթը...