Պոեզիա
Զգայարան
- Ժանր
- Պոեզիա
- Հրատարակման տարի
- 2025
- Պիտակներ
- պոեզիա, բանաստեղծություններ
Գնել գիրքը
ՓՈՐՁՆԱԿԱՆ ՌԵԺԻՄ. Վճարում չի կատարվում, գումար չի գանձվում, և պատվերը չի առաքվի։
Տպագիր · 3 900 ֏
Առկա է
Էլեկտրոնային · 1 500 ֏
Ներբեռնումը՝ վճարային համակարգը միացնելուց հետո
Տպագիր գիրքն ուղարկվում է փոստով։ Հայաստանից դուրս առաքման համար գրեք հեղինակին. կպայմանավորվեք առաքման արժեքի և վճարման մասին։
Գրքի մասին
Մարդն աշխարհը ճանաչում է հինգ զգայարանով։ Այս գիրքն էլ կառուցված է այդպես՝ հինգ բաժին, հինգ դուռ դեպի նույն աշխարհը։
Աչք
Գիրքը սկսվում է արարչագործության առաջին օրից, երբ դեռ «ո՛չ աստղ կա, ո՛չ կյանք», իսկ բանաստեղծն արդեն այնտեղ է՝ որպես «կույրի տեսողություն»։ Այստեղ են ծիածանը՝ որպես ուխտ, Դանթեն ու Բեատրիչեն, և Հայաստանը՝ աղջիկ, որ հարսանյաց զգեստ է կարում Արարատի ձյունից։
Ականջ
Լսողական սարքով արթնացող աղջիկ, բարձրախոս, որ չունի սեփական ձայն, հին ձայնապնակ, որ կենդանացնում է լքված տունը, և գրախանութի պահեստում փոշոտվող պոեզիան։
Քիթ
Նախկին սիրո օծանելիքը, կնոջ բուրմունքը՝ կույրի տանգոյում, վարդեր, որոնց փշերը մնում են սրտում։ Այստեղ է նաև Երևանի թափառող շունը, որ պոետ է։
Լեզու
Կյանքի դառնությունը, մահվան քաղցրությունը, սիրո կծվությունը, կրքի թթվությունը։ Երկու մուրացկան, որ գողացած մի բուտերբրոդով հասնում են դրախտ, և ժամանակը, որ ետ է վազում մինչև Եդեմ՝ լսելու մեկ հարց.
Ի՞նչ համ ուներ, Եվա․․․
Մաշկ
Հպում, դող, սարսուռ, բաց վերք։ Մարմինը՝ որպես կավե տուն հոգու համար, և տղամարդը՝ որպես ցավի զգայարան։
Վեցերորդը
Վերջաբանում հինգ զգայարանները հանձնվում են, և գիրքն անվանում է վեցերորդը՝ կինը, սերը։
Սերը ավազի վրա
Գրքի երկրորդ մասը 39 բանաստեղծություն է՝ հայոց այբուբենի տառերով, Ա-ից Ֆ։ Այստեղ են սուրճն ու ջազը, դեղձանագույն շորիկը, հանրահավաքը, Սուրբ Ծնունդը, և վերնագրային բանաստեղծությունը, որտեղ խոսողը հողն է, որ սիրում էր Եվային Ադամից առաջ։
Ինչպես է գրված
Այս գրքում բառը խաղում է՝ «բիբլիական բիբ», «քթանե քիթ», «խարխուլ խլություն»։ Աստվածաշունչը, Դանթեն, Շեքսպիրը, Չարենցն ու Տերյանը կողք կողքի են հեռախոսի, արագ սննդի կետի և արհեստական բանականության հետ։ Հանգավոր տները հերթափոխվում են ազատ բանաստեղծության հետ, ողբերգականը՝ ինքնահեգնանքի։
«Զգայարանը» հեղինակի երրորդ ժողովածուն է, որտեղ ներկայացված են նրա վերջին մեկ տարվա ստեղծագործությունները։ ISBN 978-9939-78-415-1։
Անվճար ընթերցման հատված
ՄԱՀՎԱՆ ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք մուրացկաններ էինք, Բայց սերը կարիք չի հարցնում․․․ Մի ֆանտաստիկ օր կրպակից բուտերբրոդ գողացանք․․․
Փողոցի շները նախանձելով հաչում էին մեր hետևից, Իսկ մարդկանց կարծիքները աչքերի մեջ վերածվում էին հայհոյանքի․․․
Մայթերին ոստիկաններ կային կանգնած, Նրանց աչքից ոչինչ չի վրիպում, Բայց նրանք չնկատեցին մեր գողոնը, Միայն տեսան, որ մեզ լողանալ է պետք, Սակայն, չէ՞ որ սերը չի կեղտոտվում․․․
Մի այգու մեջ՝ ծառի տակ, նստեցինք, Կիսեցինք այդ օրվա երջանիկ ավարը Ու սկսեցինք համբուրվել ուտելիքի հետ, Եվ մեզ ատում էր կողքի նստարանի սիրահար զույգը․․․
Ես ասացի․ -Շնորհակալ եմ քեզ, սեր իմ, բուտերբրոդի համար։ Չքավորությունը մեր ընտանիքի միակ չհագեցող բանն է, Ու թեև մեր ընթրիքը վերջանում է, Կողքի նստարանի սիրահար զույգը զբաղված է Իրական համբույրներով Եվ այլևս չի նախանձում մեր կշտացած շրթունքներին, Որոնք սառն են թրջված ասֆալտի պես․․․ Մե՛կ է, զգացմունքը շարունակություն ունի, Անգամ եթե ցնցոտիների մեջ է ապրում․․․
Հետո թաց խոտերի վրա սկսեցինք Ճաշակել մահվան քաղցրությունը, Ինչպես մի հին գինի, հետընթրիքյան աղանդեր, Ու փակվող աչքերի հետ քնեց երազանքը մեր նոր շորերի։ Երեկոն լույսն անջատեց, Եվ երկնքում սկսեցին վառվել մեր աստղերը Որպես գիշերային լամպեր․․․
Ու երբ դրախտում մեզ հարցրին, Թե ո՞նց հայտնվեցինք այնտեղ, Կյանքի Գրքի մեջ մնաց լո՛կ այս պատասխանը․
-Մենք մուրացկաններ էինք, Բայց սերը կարիք չի հարցնում․․․ Մի ֆանտաստիկ օր կրպակից բուտերբրոդ գողացանք․․․